News Stories

Երազի երկիր Հայաստան


Երազի երկիր Հայաստանը թերևս տեսել է հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Միգուցե այդ բանի համար էլ պատժվե՞լ է: Հայերիս ազատաշունչ թվացող պայքարն իր 25-ամյա տարեդարձն է տոնում, սակայն այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում իրար փոխարինած նախագահներից ու բազմաթիվ վարչապետներից գեթ մեկից չե՛նք լսել, թե ո՞րն է մեր երկրի ապագան: Բյուջեի պարտքերն ու տոկոսները, ծախսերի հոդվածները մի կողմ դրած՝ ինչպիսի՞ երկիր էինք քանդում ու կառուցում անցած տարիներին: Ո՞ւմ համար: Եվ այժմ ո՞ր մեկի հերթն է քանդվելու և ինչի՞նը՝ ստեղծվելու: <<Կուկուռուզը>> քանդեցին, որ Թել-Ավիվինը՝ պատճենը, բնօրինակ դառնա՝ հասկացանք: Այժմ էլ Սինգապուրից են պատվեր ստացել, թե մեր օդանավակայանը ձերից ընդամենը 3-4 տարով է ջահել. ձերը քանդեք՝ մե՛նք էլ բնօրինակի տեր դառնանք. ջհանդամը, թե ինչպիսի՜ տաղանդներ էին պատկերել այն: Հիմա էլ մերո՛նք կհռչակվեն: Չէ՞ որ Սինգապուրյան հրաշքի երկրպագուներն եք. դե քանդեք՝ մենք էլ ձեզ մեր գաղտնիքը ասենք: Լսել եք անշուշտ, որ գաղտնիքը երկրի մեծամեծների ձեռքի մաքրությունն է, չգողանալը: Բայց եթե այդ մեթոդը չեք հավանում, հանգիստ սրտով քանդեք, սեյսմակայունության վարկածը հնարեք, ձեր մաղարիչն էլ եկեք՝ ստացեք:

Մի՞ թե այս էր մեր պատկերացրածը. Գլխավոր պողոտայով շարված երկնաքերներն և տակը՝ ճնշված, անմիտ ու աննպատակ քայլող համբալները: Որ ի՞նչ: Անինժեներ-անբանվոր, բայց դալալ-վաշխառու ճորտերի երկի՞ր պետք է դառնար մեր սրբազան հողը: Որ հայի ստեղծածը ոչ թե արբանյակի հանգույց լիներ, այլ ԱՊՊԱ-ի պայմանագի՞ր: Կամ ճղճղան տեսահոլովա՞կ: Մեր հնավուրց մշակութաստեղծ ազգին վայե՞լ է այս կյանքը: Թե՞ թշնամու և օտար բանկիրների ուզածը դատարկ տարա՞ծքն է: Ճիշտ՝ ինչպես բացահայտում էր մութ ուժերի պլանները, իրենց ներկայացուցիչ Լոուրենց Արաբացի՞ն. Հայաստանը՝ զատ, հայը՝ զա՞տ:

Հային միտումնավոր տգիտության, անբարո սովորույթների ընտելացրած 22 տարվա իշխանությունը ի՛նքն էլ է անհաղորդ ազգային արժեհամակարգից, ի՛նքն էլ է զուրկ երազելու շնորհքից, չունի այն տեսլականը, որը ճիշտ պլանավորելու երաշխիքն է: Ունակ չես հայեցի երազել՝ քեզնից ի՞նչ պլանավորող, դու ընդամենը օտարերկրյա ռայկոմների հրահանգիչ ես ու հլու-հնազանդ կամակատարը՝ օտարերկրյա որոշումների: Որոշումների, որոնք ընդունվում են ո՛չ թե քո երկրի և ազգի բարօրության համար, այլ ճիշտ հակառակը. երկիրդ լափելու և ազգիդ վերջը տալու համար:
Այդ «կայուն զարգացումը», որ կրկնում են անվերջ, հո հալվա՞ չէ: Այդ մանթրան հո չի՞ իրականանա: Հակառակը. բանկերի անկուշտ ճանկերում տներն ու հողերը թողած, անտունի հայը բալեքին առած՝ քաշվում է Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա, Պարսից Ծոցը, գրողի ծոցը, որի անունն է Թուրքիա: Իսկ մենք մեր դարավոր թշնամուց հարյուրավոր տեսակների սննդամթերք, չուլ ու փալաս ենք առնում, ձեռը փող դնում, որ զենք դառնա՝ մեր դեմ: Ձեռի հետ էլ՝ շարունակում ենք կայուն զարգանալ: Այնքա՜ն զարգանալ, որ երբ Ազգային ժողովում քննարկվում է կազինոների փակման ժամկետը, պարզվում է, որ այդ «ոլորտի» 660 աշխատատեղը հույժ կարևոր քանակ են կազմում մեր աշխատանքային շուկայում: Մի երկրի շուկայում, որը 1988-ին ուներ մեկ միլիոն աշխատատեղ: Մեկ միլիոն: Եվ այդ տեղերում մարդիկ արարում էին ճշգրիտ հանգույցներն ու ավտոմատացված հաստոցները, հաշվիչ մեքենաներն ու հրթիռների հեռակառավարման վահանակներ, լավագույն գործվածքեղենն ու կոշիկը, կառուցում մշակույթի տներ ու գրադարաններ: Ու դիտում էին աստղային երկինքն այնպիսի սուր աչքով, որ հիմնարար տեսությունների և աննախադեպ գիտական աշխատությունների հեղինակ էին դառնում: Ֆիզիկայի բնագավառում համաշխարհային կարևորության հայտնագործություններ էին կատարում: Եվ արարում էին՝ իրարից բան սովորելով ու սովորեցնելով, հարգելով ու մեծարելով բանվորին և ինժեներին, գիտնականին ու գրողին, նկարչին և ուսուցչին: Հարգում, այլ ոչ թե՝ տրորում ու նվաստացնում՝ ճորտի վերացած հայ մարդուն:  Եվ Պարույր Սևակ ծնում, որն իրավամբ պարծենում էր, թե «մենք քիչ ենք, սակայն մեզ հա՛յ են ասում»: Այժմ շա՜տ ավելի քիչ ենք, բայց մեզ ինչպե՞ս հայ ասենք, եթե մեզ հարիր ձևով չենք ապրում: Եթե Եղեռնի օրերին իրենց Եփրատի անդունդը գցած հազարավոր հայուհիներին, որոնք ինքնասպան են եղել, որ փայ չդառնան խուժանին, եկել են փոխարինելու «սեքսի բնագավարի աշխատողները»: Եվ այդ փեշակի մասին նույնպես իմանում ենք դրսից՝ օգոստոսին Նյու-Յորքից  ստացած մի խիստ նամակից, որն ուղղված էր մեր երկրի ղեկավարներին, ու անհապաղ պաշտպանություն և հովանավորություն էր պահանջում պոռնիկների ու Կոմայգու այլասերվածների համար: Դե եթե պոռնիկը հարգելի մասնագիտություն է մեր օրերում՝ Մարդու իրավունքների իրավապաշտպանների գրասենյակի տեսակետից, ապա ո՞նց չհարցնենք. տո էդ պոռնիկը ո՞վ է, որ մեր երկրի իշխանության վրա մատ թափ տա: Տո մեր իշխանությունն ինչո՞վ է իրենից լավը, եթե մի լավ՝ կոշտ նամակով, չի՛ պատասխանել էդ «բնագավառի» աշխատողին ու չի՛ պահանջել, որ երբեք չփորձի խոսել այդ տոնով ազատ և անկախ երկրի նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի հետ: Տո նա ո՞ւմ շունն է, որ մեր Ոստիկանապետի վրա մատ թափ տա: Գոնե իմանանք: Թե՞ մեր այդ եռյակը գիտի, դրա համար էլ լուռ ու մունջ է:

ԽՍՀՄ 15 նորանկախ երկրները 22 տարի առաջ ստացել են անգլերեն լեզվով գրված մի տիպային սահմանադրություն, որը USAID-ի գրանտերով թարգմանվել է 15 լեզուների և հիմք դարձել, որպեսզի նեռը հեշտությամբ ներթափանցի աշխարհի ցամաքի 1/6ը: Որպեսզի այլևս քրեորեն չպատժվեն թմրամոլն ու խաղամոլը, պոռնիկն ու վաշխառուն, այլ հակառակը. այս բոլոր ազգակործան թուլություններն ու թերությունները լուրջ «բիզնեսի» առարկա դառնան: Բայց նման բիզնեսի տերերը չե՞ն հասկանում, որ ամեն դրամի մեջ հայի արյուն ու արցունք է, խորտակված անուրջներ և ինքնասպանների կյանքեր: Բա էդ փողը կվայելե՞ն: Թե՞ օֆշորում կկորցնեն, ու դա՝ լավագույն դեպքում. որովհետև հարամ է, հարամ:

Սահմանադրությամբ սոցիալական հռչակված երկրի ուսանողը ինչո՞ւ պետք է վճարի իր ուսման համար, այլ ոչ թե՝ թոշակ ստանա: Տո դպրոցի «մասնավորն» ու «վճարովին» ո՞րն է: Իսկի պետություն չունեինք մի քանի հարյուր տարի, բայց կրթությունը ձրի էր՝ ծխական դպրոցում: Էդ ի՞նչը խանգարեց Կճոյանին ու Տ.Սարգսյանին այնպես պլանավորել, որ երեխաներն և ուսանողները անվճար կրթվեն: Կիպրոսի դժբախտ պատահա՞րը: Բա չէի՞ն լսել այս պարզ բանը. «գողը գողից գողացավ՝ Աստված վերև զարմացավ»: Պատկերացնում եմ, թե ինչպե՜ս զարմացավ, ճանաչելով Արարատյան թեմի առաջնորդին: Ու կողքին էլ՝ ազատ և անկախ Հայաստանի վարչապետին: Մենք ենք, որ չենք զարմանում. սովոր ենք: Սովոր ենք, որովհետև երազելու ունակությունն ենք կորցրել: Իսկ չերազող, իր երկրի տեսլականը չունեցող ազգի հովիվը ո՞վ պետք է լինի: Ոչխար ուտելու մասին երազող մի գել:

Այդ ինչպե՞ս եղավ, որ օտար սովետական լուծի տակ ապրած հայը 200.000 սոված ու անտեր բնակչից բազմացավ ու դառավ 3.600.000-ից ավել, այսինքն՝ աճեց 18 անգամ, կրթվեց լիկկայններում ու դպրոցներում, տասնյակ բուհերում ու դարձավ սովետի ամենակրթված ազգը: Իսկ ազատ, անկախ, բայց սեփական ապագայի տեսլականը չունեցող Հայաստնի քաղաքացին նվազեց քանակով, կրթությամբ և զարգացումով: Չէ, լուրջ. այդ ինչպե՞ս եղավ: Ասեմ, գրողը տարավ՝ սուտ կլինի, քանի որ ես էլ եմ գրող: Մարսի՞ց եկան ու տարան: Բոլոր ղեկավարներին 22 տարի գիպնոզի՞ տակ պահեցին: Այդ նրա՞նք պահանջեցին, որ վերարտադրման խնդիր ունեցող երկրում մեզ համար երբեմնի սովորական «Հերոսուհի Մայր» կոչումը այլևս չգործածվի ու չխրախուսվի: Որ փոխարենը միասեռականներին բուծենք, ինչպես Խոսրովի անտառներում անհետացող հովազներին: Բայց ոչ, հովազների վերջը տալիս ենք, իսկ միասեռականների համար նյու-յորքյան հովանավորների վերջնագրերի ու դրանց բանկիրների գրանտերի միջոցով փայփայում ենք, բուծում՝ ինչպես մարդու մի թանկ տեսակ, այլ ոչ թե՝ բնության սխալ:
25 տարի առաջ ո՞վ կմտածեր, թե բնակարան ձեռք բերելու համար նորապսակները պետք է գնան բանկի դուռը՝ ծնողների բնակարանը գրավ դնեն ու իրենցը կառուցելու համար ռիսկի ենթարկեն, հաճախ էլ տանուլ տան ծերերի տները: Միգուցե դուք տեսլականը ունեք՝ մե՞նք չունենք, երկրի մեծամեծներ: Միգուցե ձեր տեսլականը մեր երկիրը մեզանից ազատե՞լն է: Բա որ մենք էլ մեր՝ սիմետրիկ տեսլականը հորինենք ու նյու-յորքի իրավապաշտպան պոռնիկի դեպքում անթասիբ, իսկ մեր ազգի դեպքում՝ անխնա, վարչապետի՞ց ու թեմի առաջնորդի՞ց որոշենք ազատել մեր երկիրը: Դե գոնե ժամանակավոր ազատենք, որ գնան՝ Կիպրոսում գտնեն մեր ազգի «հետ գցածն» ու բերեն՝ կրթաթոշակներ սահմանեն բոլոր ուսանողներին: Ու թոշակներ՝ ծերերին: Ու մինչև չգտնեն՝ մնան Խաչատուր Աբովյան:
Մինչև չսկսենք երազել այն բանի մասին, թե ինչպիսի՞ն >է մեր ձեռքով ու խնամքով կառուցվելիք երկիրը, այն չենք ունենա: Մինչև չսովորենք երազելու շնորհքը, դա՛ էլ անհասու կլինի. ջոյսթիկի ու մկնիկի բան չէ, Առյուծի խիզախություն ու կամք է պահանջում: Նաև՝ զինանշանի Արծվի իմաստությունը, որ սավառնում է Աստծո և մարդու միջև ընկած տիրույթում և ամեն երկրայինն այնքա՜ն փոքր է թվում, սակայն երկիրն՝ այնքա՝ն գրավիչ: Երազի երկիր Հայաստանը իրականանալու հսկայական ներուժ ունի. մնում է երազենք: Երազենք հայեցի ու միաձայն, այլ ոչ թե ջլատվենք տարբեր պայքարներում: Սա մե՛ր երկիրն է, մեր հայրենիքն ու այն սրբությունը, որը պետք է պաշտպանենք Մարսից ներխուժած նեռից ու նրա ստահակներից:
Երազելը դժվար գործ է, հացն ու պանիրը՝ թեպետ խորոված թառափի տեսքով, երազ չէ. ախորժակ է: Նորանոր զգեստն ու կոշիկը, թեպետ Շանելից, երազ չէ. ագահություն է: Երազելուն պետք է առաջնորդի ապաշխարությունն ու աղոթքը. լուռ, միանձնյա, բայց անկեղծ: Որպեսզի 25 տարի նիրհած խիղճը արթնանա, «Բարի լույս, հայեր ջան» ասի ու անցնի գործի: Իսկ գործը Երազի Երկիր Հայաստանը կերտելու յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է:


Լիա Ավետիսյան

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба