News Stories

ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՐԱԴՈՔՍԻ ՕՐԸ

Այսօր մարդկության պատմության մեջ տեղի ունեցած Մեծագույն Պարադոքսի տոնն է: Դա հայերիս Ազգային ինքնության օրն է, որն ընդունել է մեր Ազգային Ժողովը: Այսինքն այսօր՝ օգոստոսի 11-ին, մենք տոնելու ենք այն փաստը, որ կանք, չնայած Բելի, Շապուհի, խաչակրաց արշավանքների, մեզ ֆրանգեցնող Հռոմի պապերի, հերետիկոսների համար վառած խարույկների, ճիշտ ժամանակին արտերում ցանած մորեխի ձվերի, վաշխառուների ձեռքում մնացած հայակերտ քաղաքների, Աբդուլ Համիդի, Քեմալի և այլոց բազմաթիվ ճիգերի: Կանք, չնայած նրանց ուզածն ու երազածը մեր ազգային ինքնության վերացումն էր:

Սեղմվելով ու նորից ընդարձակվելով, քոչելով սփյուռք ու նորից վերադառնալով, մենք հաց էինք ցանում ու հնձում և հաց տալիս հյուրին: Հազարամյակներով հայրեններ էինք երգում և անգիր հիշում ու պատմում Սանասարի, Մհերի ու նրանց «ծուռ» սերունդների մասին: Ծուռ այնքա՜ն, որ արդար պավլիկյաններին հալածելու, մարդակեր խաչակիրներով թալանվելու, սեփական հայրենիքում անընդհատ ցեղասպանվելու դաժան օրերին… գի’րք էինք փրկում, այլ ոչ թե զիստեղենը, լալիս էինք, բայց նաև երգ հորինում ու երգում:

Այս ի՞նչ ազգ ենք մենք, որ մնացինք, վերապրեցինք ու Եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց Պարույր Սևակ ծնեցինք: Արամ Խաչատուրյանին ծնունդ տվեցինք: Իսկ նա՝ ուր էլ ապրեր, ի՛նչ էլ գրեր՝ «Սպարտակ» բալետ լիներ, ջութակի համերգ, թե «Դիմակահանդես», իր ազգի գովքն էր անում, հնչեցնում հայի սերն ու կամքը՝ կռվելու հանուն ազատության:

Այս ի՞նչ ազգ ենք մենք: 20-րդ դարի սկզբին, ցեղասպանությունից ընդամենը 20-25 տարի անց, հզոր բանվոր դասակարգ ստեղծեցինք ու սրեցինք ինժեներական փայլուն միտքը, ողջ երկիրը գործարաններով ու գիտական ինստիտուտներով պատեցինք: Ընդամենը մեկ համալսարանից տասնյակ բուհեր ծլեցրինք, ուր ուսանողը ստանում էր թե’ գիտական միտք, թե’ բարձր կրթաթոշակ: Սակայն նույն դարի վերջում ու 21-ի սկզբում, ընդամենը 20-25 տարվա ընթացքում, այդ բոլորը կորցրինք:

Այս ի՞նչ ազգ ենք մենք, որ հայ մնալու համար համառություն է անհրաժեշտ: Որ սեփական սերունդը մայրենի լեզվով կրթելու համար խիզախություն է պետք: Որ գետերն ու ջրվեժները պահպանելու համար կռվել է պետք: Որ Երևանից դուրս երկիր-դրախտավայրիդ ավերը չնկատելու համար… մի արկղ արաղ է պետք:

Այս ի՞նչ ազգ ենք մենք, որ Արցախի հերոսամարտից ողջ մնացած տղերքին կամ նահատակված հերոսների որբերին և այրիներին գլուխներիս վրա պահելու փոխարեն հայրենիքում անոթի ենք պահում, դրսերում՝ անսարք «ԿԱՄԱԶ» ենք քշել տալիս, իսկ Ֆիլարետի պես խաբեբան՝ 10 տարի է, ինչ անխափան սոցապ փոխնախարար է աշխատում: Էդ ո՞նց եղավ, որ այս մաթեմատիկ-չինովնիկը  չկարողացավ հաշվել, թե ի՞նչ ապրուստ է պետք ապահովել երկրի երեկվա փրկիչներին, որպեսզի նրանք չամաչեն իրենց զավակներից, իսկ մենք՝ իրենցից: Էդ ինչո՞ւ այդ նույն մարդը՝ իր բարձր սոցապ պաշտոնում, ազատամարտիկների վիճակը բարելավող օրենքի նախագիծ չի պատրաստում, սակայն գենդեր օրենքներ է խաղացնում: Ինչո՞ւ է նվաստացնում մեր ազգի հերոսներին: Որպեսզի հայրենի հողը պաշտպանելու գաղափարը այլևս երբևիցե մտքներովս չանցնի՞: Դա ո՞ր երկրի որոշումն է: Մի՞ թե՝ մեր: Եվ այս Ֆիլարետը ո՞ւմ նշանակածն է: Մի՞ թե՝ մեր:

Այս ի՞նչ ազգ ենք մենք, որ անտեսելով ահռելի պատմական փորձն և ունենալով Աստվածային արարչական հանճարը, միամիտ ենք, ինչպես նորալլուկ և անգիր մի ցեղ: Ու շարունակում ենք հավատալ, թե հարևանը մեր լավն է ուզում ավելի սրտանց, քան մեր պապերն ու տատերը: Որ բոլոր խաչակրաց արշավանքները մեզ եկել-ավերել են, բայց էս մեկը՝ գալիքը, մեզ անպայման կփրկի: Որ ռուսաց թագավորը ձգտում է մեր լավին՝ վերանալով իր երկրի շահերից: Որ «քաղաքակիրթ» ասվածը կապ ունի քաղաքի ու կրթության, կամ էլ՝ Եվրոպայի հետ: Որ Յեհովան մեզ այնքան ջերմ է ընդունում, որ պատրաստ է իր վաշխառուի քսակից փող բաժանել, միայն թե հրաժարվենք «ազգ» ասած բառից: Որ օտարի դիվանները տիտիկ են արել մեր երկրում այն բանի համար, որ պակասեցնեն մեր դարդերն ու բուժեն ցավերը: Որ օտար երկրներն ու ցանցերը դեմ են տալիս մեր օրինաստեղծներին հենց այն օրենքները, որոնք կօգնեն մեզ լավ ու երջանիկ ապրել:

Այս ի՞նչ ազգ ենք մենք, որ ամեն շուն-շանգյալին վստահելով՝ իրար չենք հավատում: Իսկ Ազգային Ժողովը, պարզվում է՝ հակազգային է:

Այս ի՞նչ ազգ ենք մենք, եթե Ազգի Ինքնության Օրը ժամանակին սահմանած Ազգային Ժողովը անցած մայիսին մի այնպիսի օրենք է ընդունել, որը կոչված է ջնջել նույն այդ ինքնությունը: Եվ արդյո՞ք վերացնելու համար այն մեծագույն պարադոքսը, որ ինքը՝ Արարիչը և պատմությունը իրենց թույլ են տվել: Միգուցե՝ 20-25 տարի առաջ մեր երկրում վայրէջք է կատարել «Գ» մոլորակից վտանգաբեր մի դեսա՞նտ, որը հայի աչքեր ունի, քիթ ու բերան, հայի պես խոսել գիտի ու նույնիսկ հայի խաշ-խորոված սարքել՝ ուտե՞լ, սակայն մտածում ու գործում է թշնամաբա՞ր, ճիշտ՝ Արարչին հակառա՞կ:

Այս ի՞նչ ազգ ենք մենք, որ չենք ճանաչում նրանց այլմոլորակային էությունն ու բնությունը: Այս ի՞նչ ազգ ենք, որ ձեռք ձեռքի բռնած՝ չենք ասում. «Դե հերիք եղավ: Գնացեք՝ կորեք ձեր «Գ» մոլորակում՝ ձեր ամեն ինչով. գրասենյակներով ու գրանտներով, գենդերով ու գազի գներով, գոզահոտ նախարարներով, անհավատ գավազանատերերով, գռեհիկ պատգամավորուհիներով ու Կոմայգու գոյերով: Գնացեք՝ կորեք: Կամ էլ լա՛վ իմացեք, որ մենք այն ազգն ենք, որ ընտանիք ենք ունեցել ու փայփայել, երբ ձեր նախնիները քոչվոր մարդակեր էին: Ուստի և ոչ մի գենդերային օրենք չե՛նք ընդունելու: Մենք այն ազգն ենք, որ Միջնադարի համալսարաններում աշխարհ ենք կրթել: Ուստի հետայսու մի՛ համարձակվեք ուղարկել ձեր ճտերին արտասահմանի բուհեր՝ խելք պարզաջրելու: Մենք այն ազգն ենք, որ հաց ենք տվել ամեն ճամփորդի: Ուստի ձեր փողերը դրսից հետ բերեք: Մենք այն ազգն ենք, որ սատկացրել ենք Թալեաթին: Ուստի խելոք եղեք»:

Այսօր մարդկության պատմության մեջ տեղի ունեցած Մեծագույն Պարադոքսի տոնն է. դա մեր՝ հայերիս Ազգային ինքնության օրն է, որն ընդունել է մեր Ազգային Ժողովը ընդամենը մի քանի տարի առաջ: Այսինքն` այսօր, օգոստոսի 11-ին, մենք տոնելու ենք այն փաստը, որ կանք, չնայած Բելի, Շապուհի, խաչակրաց արշավանքների, մեզ ֆրանգեցնող Հռոմի պապերի, հերետիկոսների համար վառած խարույկների, ճիշտ ժամանակին արտերում ցանած մորեխի ձվերի, վաշխառուների ձեռքում մնացած հայակերտ քաղաքների, Աբդուլ Համիդի, Քեմալի և այլ սատանեքի բազմաթիվ ճիգերի: Կանք, չնայած նրանց ու «Գ» մոլորակի ուզածն ու երազածը մեր ազգային ինքնության վերացումն էր:

Բայց մենք նաև բախտավոր ազգ ենք, քանի որ երկրի Գլխավոր դատախազն էր, որ կոչեց մեզ ձեռք ձեռքի բռնած՝ կանգնել շարքերով ողջ երկրով մեկ, եղբայրության պարի: Ոստիկանապետն էր, որ ամբոխի հետ աղոթեց ու թույլ չտվեց, որ հայի արյուն թափվի: Մեծ Դերասանն է, որ «Ամեն երկուշաբթի» սիրո ու միաբանության է կոչում լեփ-լեցուն դահլիճը: Մենք երջանիկ ազգ ենք, որ ժպիտով ենք հիշում անցած պատերազմի մութ տարիները, ոգեկոչում ամեն հերոսի ու Արցախը սրբավայր ճանաչում: Մենք այն երջանիկ ազգն ենք, որ ազգ ենք, և ոչ թե՝ շիրիմի հուշարձան: Ազգ ենք, որ հենց այսօր, այս՝ Աստծո կամոք կայացած պարադոքսի օրը կրկնում ենք. «Մեր օրենքները մենք ենք գրելու, և ոչ թե «Գ»-մոլորակայինները, հետայսու մեր երկրի բախտը մենք ենք որոշելու: Իսկ ով ընդդիմանա, կթռցնենք Գ-մոլորակ»:

Հայե՜ր ու կարգին ազգե՜ր, շնորհավոր ձեր Ինքնության Օրը:   

Լիա Ավետիսյան

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба