News Stories

Քեսաբում տեղի ունեցածը գնահատում ենք, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2014 թվականի մարտի 21-ին, ժամը  5:45-ին Թուրքիայի տարածքից իսլամական «Ճապհաթ Ալ-Նուսրա», «Շամ ալ-Իսլամ» եւ «Անսար ալ-Շամ» արմատական ծայրահեղական շարժումների ահաբեկչական զինյալ խմբավորումները ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի տարածքի, հիմնականում հայերով բնակեցված Քեսաբի և հարակից գյուղերի վրա, հրետակոծելով և գնդակոծելով ոստիկանատները, բնակելի շինությունները, դպրոցները և այլ կառույցներ: Զինյալները առավոտյան ներխուժեցին Քեսաբ և հարակից գյուղական բնակավայրեր:

Այդ հարձակման հետևանքով եղան տասնյակ զոհեր և վիրավորներ: Խաղաղ բնակչությունը ստիպված լքեց բնակավայրերը: Շուրջ 670 հայ ընտանիք ժամանակավորապես տեղավորվեց Լաթաքիա քաղաքի ժամանակավոր կացարաններում:

Արձանագրենք, որ դեպի Քեսաբ թուրքական անցակետերից նախաձեռնվող նման թափանցման լայնամասշտաբ գործողության հավանականությունը սիրիական պատերազմի առաջին օրերից գոյություն ուներ: Քեսաբի շրջանը պոտենցիալ կարևոր տարածք է թափանցման, մանավանդ Սիրիա-Թուրքիա տվյալ սահմանի շփման գծին տիրապետելու համար:

Մերձավոր Արևելքում ապրող հայությունը, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայությունը, տարածաշրջանում վերահաստատվել է 1894-1923 թթ-ին՝ թուրքական երեք կառավարությունների կողմից, իր նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի ծրագրված հանցագործ քաղաքականության հետեւանքով:

Բազմիցս Հայոց ցեղասպանության փաստը մերժած Թուրքիայի իշխանությունները  «չկա հայ, չկա Եղեռն, չկա խնդիր, չկա հակաթուրքական զանգված» սկզբունքը այժմ կիրառում է, օգտագործելով ոչ միայն սեփական ուժերը, այլև Սիրիայում պատերազմող իսլամիստներին և վարձկաններին:

Խոշտանգված հայերի, հույների և այլ ժողովուրդների ոսկորների վրա ստեղծած Թուրքական Հանրապետությունը և նրա նոր ղեկավարությունը չհրաժարվեց զանգվածային սպանությունների կազմակերպիչների և դրանց անմիջական կատարողների իրավահաջորդը լինելուց։ Ավելին՝ ցեղասպանությունը իրականացնելու համար ստեղծված «հատուկ կազմակերպություններին» անդամագրված երիտթուրքերից շատերը զբաղեցրեցին բարձր պաշտոններ և մինչ օրս նրանց հիշատակը Թուրքիայում հարգանքի է արժանանում։

Թուրքիան, որը չի ընդունել հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը և առ այսօր շրջափակել է Հայաստանը, օկուպացիայի է ենթարկել Կիպրոսի տարածքները, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու, կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքները, ձգտում է դառնալ եվրոպական ժողովուրդների քաղաքակիրթ ընտանիքի անդամը։

Թուրքիան մեծագույն պատմական հանցագործ է, ոչ մեկ քաղաքակրթություն ոչնչացրած, աշխարհին ոչ մի կառուցողական լիցք չհաղորդած, մեղավոր լինելով հայերի, հույների, ասորիների, քրդերի, բուլղարացիների, սերբերի և այլ ժողովուրդների ցեղասպանության մեջ, պետք է կանգնի միջազգային հանրության և ժողովուրդների դատաստանի առջև։

Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը, նրա տեղակալը, Ազգային հետախուզության ծառայության պետը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը քննարկել են Սիրիայի հակամարտությունը, իրենց երկրի ծրագրերը, որտեղ Դավութօղլուն խոսել է Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին, իսկ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշել է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, որտեղից նրանք 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք, եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի։ Այնուհետ Դավութօղլուն շարունակել է, թե «պետք է 2012-ին հարձակվեինք, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ չմտանք Սիրիա»։

Որպես ապստամբ ներկայացող, զինված ահաբեկչական խմբավորումները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից` Անկարայի անմիջական ռազմական աջակցության ներքո: Ակնհայտ է, որ կատարվածը թուրքական պետության ոչ միայն հակասիրիական, այլև հակահայկական թշնամանքի հերթական բացահայտ դրսևորում է:

Սիրիայում ահագնացող պատերազմը շարունակում է ավերել երկիրը՝ մեծ կորուստներ և զրկանքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Անհանդուրժելի չափերի են հասնում Սիրիայում բնակվող ազգային այլ փոքրամասնությունների՝ քրդական, հունական, ասորական համայնքների կորուստները:

Քեսաբում տեղի ունեցածը գնահատում ենք ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որն, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի, ինչպես նաև Սիրիայում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների դեմ:

Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները` օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, Սիրիայում բնակվող ազգային այլ փոքրամասնություններին, անարձագանք են մնում:

Մարտի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը խիստ նամակ հղեց նախագահ Օբամային, պահանջելով Սպիտակ տան և Կոնգրեսի անհապաղ միջամտությունը` կանգնեցնելու համար Քեսաբի վրա հարձակումները: Սակայն ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված չէ սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով, քանի որ Վաշինգտոնը համակված է Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելով և անտեսում է անմեղ կյանքերի կորուստը: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանք չեն կարող լուռ ականատեսներ լինել, մինչ թուրքական կառավարությունը և նրա դաշնակիցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնամուխ են լինում հայերի մի նոր բնաջնջմանը Սիրիայում: Հայերը, հույները, ասորիները, քրդերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում:

Նրանք պետք է արթնանան համընդհանուր թմբիրից և համարձակ քայլեր ձեռնարկեն: Պետք է ամենօրյա ցույցեր կազմակերպել ամերիկյան խոշոր քաղաքներում, և ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սաուդական և թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների առջև ամբողջ աշխարհում, բողոքելով նրանց կողմից, այսպես կոչված, ապստամբների զինման դեմ, որոնք առևանգում և սպանում են Սիրիայի խաղաղ բնակիչներին: Պետք է անհապաղ հանդիպումներ անցկացնել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պահանջելով, որ նրանք անմիջապես դադարեցնեն բոլոր տեսակի զենքերի մատակարարումն ու ֆինանսական աջակցությունը «ապստամբներին» Սիրիայում, մինչև նրանց կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցումը:

Մենք կոչ ենք անում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ժառանգներին և ամբողջ միջազգային հանրությանը հայց ներկայացնել այսօրվա Թուրքիային մեր ժողովուրդների նկատմամբ անցյալում կատարված հանցագործությունների համար և վերադարձնել նրանց կողմից խլված պատմական, մշակութային և այլ արժեքները իրենց իրական տերերին։

Մեզ հետ է Աստված և մեր նախնիների հիշատակը։

 

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ՝ Էդ. Պոլատիդիս

Ասորական համայնք` «ԱԹՈՒՌ» Հայաստանի ասորիների միության նախագահ` Ա. Միխայիլով

Ասորական համայնք, վաստակավոր դերասան` Ռ. Խոսրոև

Քրդական համայնք, «Քուրդիստան կոմիտե»-ի նախագահ` Ժ. Ամիրյան

 

ք. Երևան                        31-ը մարտի  2014թ.                                                               

հեռ. 099. 77 45 00 էլ. փոստ` epolatov@rambler.ru

Новости партнеров (RedTram)
Loading...

Авторские права

Материалы, опубликованные без указания источника принадлежат ЕГК, и/или авторам произведений публикующихся от имени ЕГК.

Все представленные материалы являются частным мнением, и не претендуют на опровержение или подтверждение иных взглядов.

Материалы

Использование материалов ЕГК допускается с указанием источника. Электронные документы в формате PDF свободны для распространения.

КОНТАКТЫ

Почта: geoclub.info@gmail.com Вступить в клуб
Правила клуба